Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանի կալանավորման որոշմանը հետևած արձագանքներին։

«Ուրեմն ի՞նչ են անում մի խումբ մարդիկ տարիներ շարունակ:

Մի կողմից, ամեն կերպ փորձում են ապալեգիտիմացնել ու հեղինակազրկել ՀՀ ընտրված իշխանություններին: Խոսում են ակնհայտ արհամարհանքով, վիրավորական ձևակերպումներով, անգամ լեզուները չի պտտվում պաշտոնը հիշատակել: Փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորել հետևյալ միտքը՝ սրանք ո՞վ են որ, ինչ անում եք՝ լավ եք անում, սրանք թույլ են ու ձեզ ոչինչ չեն կարող անել: Զուգահեռաբար տարածում են ամեն տեսակ սուտ ու կեղծիք՝ չխորշելով անգամ հարևան երկրներում գեներացված ապատեղեկատվությունը տարածելուց, ու ամեն կերպ ատելություն են սերմանում իշխանությունների նկատմամբ:

Մյուս կողմից, ծափահարում ու ոգևորում են պետական պաշտոնյաների նկատմամբ անհարգանքի բոլոր դրսևորումները: Ուղիղ եթերում երկրի իշխանություններին հայհոյողներին, պատգամավորների վրա հարձակվողներին, վարչապետի մեքենայի վրա ինչ-որ բան շպրտողներին, խորհրդարանի նախագահի վրա հարձակվողներին, անդաստիարակ, զրպարտիչ ու լկտի պահվածք ցուցաբերող լրագրողներին հերոսացնում են, աջակցում, փորձում հալածյալի կերպար ստեղծել ու քաղբանտարկյալ ներկայացնել:

Ու էս մթնոլորտում 18 տարեկան տղան մտածում է, որ կարելի է հարվածել երկրի ղեկավարին: Ու երբ այդ արարքին համապատասխան ռեակցիա է լինում, էդ նույն մարդիկ աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե՝ այ-այ-այ, էս ինչ եք անում, տղայի ճակատագիրն եք կործանում…

Ուրեմն՝ դո՛ւք եք կործանում այս տղայի և այլ մարդկանց ճակատագիրը, դո՛ւք եք մեղավոր, որ տղան նման բան է արել և կալանավորվել:

Եվ դուք իրականում ոչ թե այս տղայի մասին եք մտածում, այլ ձեր նույն գործն եք շարունակում: Ուզում եք համարժեք պատասխանատվություն չլինի, որ վաղն էլ մեկ այլ երիտասարդի մտքով անցնի նման բան անել:

Էնպես որ ձեզ սրբի տեղ չդնեք: Ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։

Երկվորյակ եղբայրներից մյուսի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը:

Նույն խափանման միջոցն է սահմանվել նաև ձերբակալվածներից Գևորգ Գևորգյանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:

Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:

Ձերբակալված 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել:

Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Նրանք չափահաս են՝ ծնված 2007 թվականին:

3-րդ ձերբակալվածը Գևորգ Գևորգյանն է, որը Սերժ Սարգսյանի ակտիվ համախոհն է, եղել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ցույցերի գերակտիվ մասնակիցներից մեկը և աչքի է ընկնում արմատական ընդդիմադիր վարքագծով: Նկատենք, որ երկրի ղեկավարին սադրելու ժամանակ նա ևս եկեղեցու ներսում է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ