Կաշառք տալն իրենց մասնագիտությունն է. «Մեր ձևով»-ը պետք է ունեզրկվի, նրանք ուզում են հայկական պետությունը լուծարել. Ազատ Արշակյան

««Մեր ձևով»-ը պետք է ունեզրկվի և խիստ պատժվի՝ ազատազրկվի: Դա իշխանության զավթում է, իրենք ուզում են հայկական պետությունը լուծարել, հանձնել երաշխավորների»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տարածված ձայնագրությանը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ կաշառք տալը, կաշառք վերցնելը պետք է խիստ պատժվի անհատապես. «Կազմակերպողների ունեցվածքն ամբողջությամբ պետք է ազգայնացվի, կազմակերպիչներն էլ մի աստիճան ավելի ծանր պատժի ենթարկվեն: Կարծում եմ՝ նրանք ուրիշ բան չեն կարողանում անել, կաշառք տալն ու վերցնելն իրենց մասնագիտությունն է: Ընտրակաշառք վերցնողն էլ պետք է պատժվի, հայրենիքը չի կարելի վաճառել, ընտրողի ձայնն ապրանք չի»:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի այն հայտարարությանը, թե ընտրություններին հաղթելու են՝ Ազատ Արշակյանը նշեց. «Դա ինքնախաբեություն է, իրենք մոլորված են, քարոզչական «տրյուկ» է, դիվերսիոն ակցիա է, հիբրիդային պատերազմի դրսևորում է: Նրանք չպետք է մասնակցեն ընտրություններին, նրանց մասնակցությունը խայտառակություն կլինի, այս առիթը պետք է օգտագործվի և նրանք պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից»:

Արշակյանը նաև ընդգծեց, որ նրանց ուժը տգիտության մեջ է. «Կաշառք բաժանելով այսօր Հայաստանում իշխանություն չի կարելի վերցնել, ժողովուրդն իշխանությունը չի տա նրանց, տգիտությունն է նրանց ինքնավստահության պատճառը: Սամվել Կարապետյանը Քոչարյանի և Սարգսյանի իրավահաջորդն է, նա նորաթուխ է և փորձ է ձեռք բերում: Իրենք բախտներն են փորձում, որովհետև դրանից առաջ նրանցից մի քանիսը քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանցից մի քանիսը կիսազատության մեջ են, ուրեմն այդ նախազգուշացումը չի ազդել նրանց վրա, չեն հասկացել, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ժողովուրդն ընտրի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ