Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Ծանրամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտնել է, որ բացել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ, որի շրջանակում առաջին մեծ ծրագիրն Արթիկի շրջանի Փանիկ գյուղում է իրականացվելու:

«Կառուցելու ենք մեծ մարզակրթական կենտրոն, որի միջոցով երեխաները և ոչ միայն երեխաները հնարավորություն կունենան զբաղվել սպորտով»,- նշել է Ավդալյանը և պարզաբանել, թե ինչու են ծրագիրը հենց Փանիկում նախաձեռնել:

«Դա այն հատվածն է, որտեղ 23 գյուղի տրանսպորտային հասանելիություն կա, գյուղեր կան, որ համայնքին չեն պատկանում, բայց կրկին երեխաներին հասանելի է: 6000-ից ավելի երեխա հնարավորություն կունենա այցելել: Դա ոչ միայն մարզադպրոց է, այլ մարզակրթական կենտրոն, քանի որ ամֆիթատրոն է լինելու, որտեղ երեխաները կկարողանան դիտել ֆիլմեր, ներկայացումներ անել, ցուցահանդեսներ, որ մշակույթից էլ հեռու չմնան, ընդհանուր մի զարգացման կենտրոն է»,-նշել է Ավդալյանը:

Նա հավելել է, որ այլ մարզերում նախատեսվում է վերանորոգել մարզադպրոցներ:

Ավդալյանը մանրամասնել է, որ համայնքը հիմնադրամին 14 հազար քմ հողատարածք է տրամադրել է անհատույց, հիմա նախագծային աշխատանքների վրա են աշխատանքներ տարվում:

«Մեծ հույս ունեմ, որ այս տարվա վերջ պատրաստ կլինի և մենք մյուս տարի կկարողանանք կատարել շինարարական աշխատանքներ: Նշեմ, որ պետական աջակցություն է ունենալու, քանի որ այս նախագիծն ազգային է, միտված է հենց պրոֆեսիոնալ մարզիկների պատրաստմանը, և ոչ միայն: Բոլոր երեխաները կկարողանան զբաղվել, նաև ներառական խմբի երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան ամբողջությամբ լինել սպորտի մեջ։

Ինչո՞ւ եմ կարևորում պետական աջակցությունը: Ես ընդհանրապես պետականամետ եմ և շատ կարևորում եմ պետության ներգրավվածությունը, որովհետև դա համատեղ, ազգային նախագիծ է»,- պարզաբանել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ