50+ տոկոսի միֆը և 8%-ի լուռ խոստովանությունը

Սամվել Կարապետյանի թիմը գրեթե ամեն օր կրկնում է, որ իրենք ընտրություններում ունենալու են 50+ ձայն։ Դա ներկայացվում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես իբր արդեն գոյություն ունեցող իրականություն։ Այսինքն՝ ըստ իրենց, իրենք ոչ թե պայքարում են հաղթելու համար, այլ արդեն ունեն հաղթանակը գրպանում։

Բայց քաղաքականությունը հայտարարություններով չի չափվում։ Այն չափվում է գործողություններով և կայացված որոշումներով։ Եվ այստեղ սկսվում է ամենակարևոր հակասությունը։

Եթե քաղաքական ուժը իսկապես վստահ է, որ ունի «50+» աջակցություն, ապա 4% անցողիկ շեմը նրա համար պարզապես տեխնիկական մանրուք է։ Նման ուժը չի մտածում շեմի մասին, չի հաշվարկում ռիսկեր, չի փնտրում ապահովագրական մեխանիզմներ։ Նա գնում է հաղթանակի, որովհետև վստահ է իր զանգվածային աջակցությանը։ Փոխարենը մենք տեսնում ենք հակառակը՝ որոշում է կայացվում մասնակցել դաշինքով՝ այսինքն մտնել խաղի մեջ 8% շեմով։

Դաշինքը այս կոնտեքստում դադարում է լինել «ուժերի միավորում», այլ դառնում է ռիսկերի կառավարում։ Այսինքն՝ոչ թե «մենք այնքան ուժեղ ենք, որ միավորվում ենք», այլ՝ «մենք այնքան վստահ չենք, որ մենակ գնանք»։ Սա լուռ, բայց շատ կոնկրետ խոստովանություն է։

Ավելին՝ այստեղ ի հայտ է գալիս ավելի խորքային խնդիր։ «50+»-ի թեզը նախատեսված է արտաքին սպառման համար՝ ընտրողին հոգեբանորեն ճնշելու, անխուսափելի հաղթանակի պատրանք ստեղծելու համար։ Իսկ դաշինքով գնալու որոշումը ներքին հաշվարկի արդյունք է, որտեղ արդեն չկա քարոզչություն, կա միայն սեփական հնարավորությունների սառը գնահատական։

Եվ երբ այս երկուսը բախվում են, միշտ հաղթում է իրական հաշվարկը, ոչ թե բարձրաձայն կարգախոսը։ Այսինքն՝ ստացվում է պարզ պատկեր․ դրսում՝ «մենք արդեն հաղթել ենք», ներսում՝ «եկեք ապահովագրվենք, որ հանկարծ չպարտվենք»։

Քաղաքականության մեջ սա նոր բան չէ, բայց միշտ էլ խոսուն է։
Որովհետև ընտրողը, որքան էլ փորձեն նրան ներշնչել թվեր ու «անխուսափելի հաղթանակ», վերջում գնահատում է ոչ թե հայտարարությունները, այլ որոշումները։ Իսկ այստեղ որոշումը հստակ ազդակ է։ Երբ ուժը ընտրում է ավելի բարձր՝ 8% շեմով խաղալու տարբերակը, նա փաստացի ցույց է տալիս, որ իր իրական հաշվարկներում հաշվի է առնում ոչ թե «50+»-ը, այլ շատ ավելի համեստ սցենարներ։ Այսինքն՝ քաղաքական վարքագիծը բացահայտում է այն, ինչ քարոզչությունը փորձում է թաքցնել։ Իրականությունը չափվում է ոչ թե ասված թվերով, այլ այն ռիսկերով, որոնցից փորձում ես խուսափել։ Կամ էլ ուղղակի Սամվել Կարապետյանի խաղավարն է սառը հաշվարկներ արել, և իր «խամաճիկներին» զգուշացրել է, որ պետք է ոտքերը վերմակի չափով մեկնել, որպեսզի նվազագույնից էլ չզրկվեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ