![]()
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով կազմակերպչական գործընթացներին, մասնակից երկրների ներգրավման ձևաչափերին, ինչպես նաև համաժողովի արդյունավետ անցկացմանն ուղղված համատեղ քայլերին։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, նպատակ ունի ապահովել բարձր մակարդակի, ներառական և գործնական արդյունքների վրա հիմնված համաժողով՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղմանը։
Կարևորել է նաև Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի կազմակերպչական և բովանդակային գործընթացներում հատկապես փորձագիտական աջակցության, շահագրգիռ կողմերի ներգրավման և միջազգային նախաձեռնությունների շրջանակում։ Դեսպան Դըկոտինյին նախարարը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման համագործակցության գործակալության (Expertise France) առաջադրած փորձագետ Անի Դաքմեջյանի նշանակումը՝ որպես շահագրգիռ կողմերի ներգրավման և իրազեկման պատասխանատու։
Նախարարը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով արդյունավետ հաղորդակցության և լայն մասնակցության ապահովման կարևորությունը համաժողովի հաջողության համար։ Անի Դաքմեջյանը ներգրավվելու է COP17-ի կազմակերպչական աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը բնապահպանության և կլիմայական քաղաքականության ոլորտներում և պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված համաժողովի հաջող կազմակերպմանը։
![]()