Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ջեռուցման ծախսերը չվճարելու համար

2026 թվականի մարտի 23-ին հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նիկոլայ Թադևոսի Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1985 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հուլիսի 18-ը զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով հիշյալ կազմակերպության անունից հանդես գալու լիազորություններ ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է իր քրոջ ամուսնու’ Լ.Հ.-ի կողմից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից վարձակալած տարածքում կառուցված և փաստացի իրեն ու Գ.Խ.-ին պատկանող «Այգի» սրճարան-ռեստորանի ջեռուցումը, սակայն դրա դիմաց որևէ վճարում չի կատարվել:

Մասնավորապես’
2013 թվականի հոկտեմբերի 17-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի և ԱՁ Գ.Խ.-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր, ըստ որի ՊՈԱԿ-ը պարտավորվել է ջեռուցման սեզոնին’ 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, ամսեկան 20.250 ՀՀ դրամի, այսինքն’ ջեռուցման սեզոնի 4 ամիսների համար’ ընդհանուր 81.000 ՀՀ դրամի դիմաց ապահովել «Այգի» սրճարան-ռեստորանի ջեռուցումը:

Նույն անձանց միջև նմանատիպ պայմանագիր է կնքվել նաև 2014 թվականի հոկտեմբերի 15-ին’ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 2015 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում «Այգի» սրճարան-տեստորանի ջեռուցումն ապահովելու համար’ կրկին 81.000 ՀՀ դրամի դիմաց, սակայն նշված ժամանակահատվածում «Այգի» սրճարան-ռեստորանի կողմից չի վճարվել պայմանագրերով սահմանված’ ընդհանուր 162.000 ՀՀ դրամը:

Դրանից հետո Նիկոլայ Նալբանդյանը շարունակել է ապահովել «Այգի» սրճարան-ռեստորանի ջեռուցումը’ 2015-2016, 2016-2017, 2017-2018, 2018-2019, 2019-2020, 2020-2021 թվականների ջեռուցման սեզոններին (լուրաքանչյուր տարվա նոյեմբերի մեկից մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը)’ առանց համապատասխան պայմանագրի և վճարի, ինչի արդյունքում «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատճառվել է 648.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Կիրառված խափանման միջոցը, գործի հետագա ընթացքը

Նիկոլայ Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում: Գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Նիկոլայ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ