![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ ուղղված լրատվամիջոցներին ու «հետաքրքրասերներին»:
«Անհոգնել սպասում եմ՝ ՔՊ-ի հինգ տարվա բաց, թափանցիկ հաշվետվություններում մի քանի վրիպակ գտած, դրանք մատի փաթաթան սարքած լրատվամիջոցներից գոնե մեկնումեկը վերջապես հարցնելո՞ւ է, թե ինչքան փող են Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Քոչարյանն ու մյուս ընդդիմադիրները ծախսում օնլայն և ոչ միայն օնլայն քարոզարշավի վրա, և որտեղից այդ փողը։ Ասենք՝ կայքերում գովազդ, սոցիալական ցանցերում, փողոցներում գովազդային վահանակներ։
«Հետք», «Ինֆոքոմ», «Ֆակտոր», «Սիվիլնեթ» և մյուս հարգելի՛ լրատվամիջոցներ, անելո՞ւ եք նմանատիպ հարցումներ։ Եթե չանեք էլ ոչինչ, շուտով ՔՊ-ի տարեկան հաշվետվությունը կհրապարակենք, կարող եք էլի Հայաստանի միակ կատարելապես բաց, թափանցիկ հաշվետվողական կուսակցության հայտարարագրում «մազ» ման գալ, մենք դա միայն ողջունում ենք, թեև շարունակում ենք չհասկանալ, թե ոնց է ստացվում, որ ուրիշների աչքի գերանը չեք տեսնում։
Հիշեցնեմ, օրինակ, որ ըստ հայտարարագրերի՝ Թևանյան Անդրանիկի հաճախորդ Հայկ Մարությանը Երևանի ընտրություններում իբր ծախսել է ընդամենը 7 միլիոն դրամ։ Չեմ ուզում փորձել բացատրել, թե ինչքան աբսուրդ է այս թիվը։ Իսկ գիտե՞ք՝ քանի մամուլ է սրա մասին գրել՝ 1՝ Հայաստանի ամենաթիրախավորված լրատվականը՝ «Սիվիկ»-ը»,- գրել է Ալեքսանյանը:
![]()