![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին ոտքով քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել) վարույթ է նախաձեռնվել:
Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ դատապարտում են տեղի ունեցած ոտնձգության փորձը երկրի ղեկավարի նկատմամբ՝ բռնությունը, այն էլ՝ հոգևոր կառույցում, համարելով անընդունելի: Նրանք պահանջում են, որ իրավապահ համակարգը խիստ գնահատականի արժանացնի կատարվածը:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Վերջիններիս փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցներում նշում է, թե եղբայրները դպրոցական են, սակայն չի հստակեցնում այն, որ նրանք չափահաս են՝ 18-19 տարեկան՝ ծնված 2007 թվականին: Այսինքն՝ ակնհայտ է, որ փաստաբանը, խուսափելով նշելուց նրանց տարիքը, փորձում է այդ կերպ մանիպուլյացնել և թմբկահարել դպրոցական լինելու հանգամանքը:
Թե ինչու են վերջիններս 18-19 տարեկանում դեռ դպրոց հաճախում, հայտնի չէ: «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նրանք տարկետման մեջ են:
3-րդ ձերբակալվածը, մեր տեղեկություններով, Գևորգ Գևորգյանն է, որը Սերժ Սարգսյանի ակտիվ համախոհն է, եղել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ցույցերի գերակտիվ մասնակիցներից մեկը և աչքի է ընկնում արմատական ընդդիմադիր վարքագծով: Նկատենք, որ երկրի ղեկավարին սադրելու ժամանակ նա ևս եկեղեցու ներսում է եղել:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ ձերբակալված անձանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:
![]()