![]()
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել դը Մաեգդը նոր բանաձև է ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ, որն արդեն իսկ ընդունվել է երկրի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Բելգիացի պատգամավորն այդ մասին հայտնել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
Դը Մաեգդն անդրադարձել է նաև Հայաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությանը, խաղաղության գործընթացին և Բաքվի կողմից ապօրինի պահվող հայ գերիների հարցին, Բելգիայի և Եվրոպական միության քաղաքական դերակատարությանը, ինչպես նաև այն ազդակներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի առաջիկա քաղաքական և ռազմավարական ընտրությունների վրա։
-Ձեր կողմից առաջարկված ու ընդունված բանաձևում դուք խոսում եք Հայաստանի և Եվրոպայի մերձեցման մասին։ Արդյոք սա ուժեղացված քաղաքական ուղեկցո՞ւմ է, թե՞ Հայաստանի համար իրական եվրոպական ռազմավարական տեսլականի սկիզբ։
-Երկուսն էլ։ Նախ՝ քաղաքական իրավիճակի հստակ ուժեղացում, քանի որ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի Երևանում։ Եվ հետո՝ հաջորդ օրը կլինի Հայաստանի և Եվրոպական միության գագաթնաժողովը։ Այսպիսով, քաղաքական առումով սա ուժեղ ազդանշան է, հատկապես, որ տեղում քննարկվելու են հատկապես անվտանգության և տարածաշրջանում կայունության հարցեր։ Եվ այն, որ սա արվում է Երևանում, այն դեպքում, երբ մենք, այնուամենայնիվ, նոր ենք դուրս եկել Լեռնային Ղարաբաղի պատերազմից, ինձ համար չափազանց ուժեղ քաղաքական ազդանշան է։ Բայց նպատակը նաև ավելի հեռուն գնալն է և Եվրոպական միության ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ամրապնդելը։ Սա ակնհայտ է թեկուզ միայն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու տեսանկյունից, որը նախաստորագրվել է երկու պետությունների կողմից։ Բայց այժմ այն պետք է պաշտոնապես ստորագրվի, և երբ դա ստորագրվի, դա, բնականաբար, թույլ կտա ունենալ շատ ավելի կարևոր ռազմավարական հորիզոն մի տարածաշրջանում, որը ենթադրաբար պետք է խաղաղ լինի, բայց որում իրական խաղաղությունը մենք դեռ հույս ունենք տեսնել։ Ուստի, կարծում եմ, որ իրականում երկուսն էլ կան։ Սա սկիզբն է։ Սա շատ ուժեղ քաղաքական ազդանշան է, բայց նաև ավելի կարևոր ռազմավարական գործընկերության սկիզբն է Կովկասի և Եվրոպական միության միջև։
-Ձեր պատկերացմամբ խաղաղությունը կարո՞ղ է տևական լինել, եթե այն չուղեկցվի անվտանգության ոլորտում ստուգելի երաշխիքներով, կամ, ինչպես Դուք եք ասում, մարդու իրավունքներով և միջազգային վստահությամբ։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է հասնել այդ խաղաղությանը:
-Այսպես, մի կողմից կա խաղաղությունը, որը պետք է հաստատվի, պաշտոնապես ստորագրվի։ Այն, ինչպես ասացի, նախաստորագրվել է, բայց հիմա իսկապես պետք է վերջնականապես ամրագրվի։ Իսկ մյուս կողմից, բնականաբար, այն պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով։ Եվ ո՞վ կարող է տալ այդ երաշխիքները։ Իհարկե, Կովկասի երկրների, Հայաստանի բազմակողմ գործընկերները, օրինակ՝ Հայաստանում եվրոպական առաքելությունը, որի մանդատը, եթե հիշողությունս չի դավաճանում, հաստատվել է մինչև 2027 թվականը։ Դե պետք է հետևել, որպեսզի այն շարունակվի։ Իդեալական դեպքում այն չպետք է լինի մշտական, քանի որ դա կնշանակի, որ կա անվտանգության խնդիր։ Ամեն դեպքում, այն պետք է շարունակվի մինչև այն պահը, երբ կգնահատվի, որ խաղաղությունը տեղում ստուգելի է, որ այլևս հարձակումներ չկան Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Սա հիմնարար է։ Այս ամենը քայլեր են, որոնք ինչ-որ պահի թույլ կտան ունենալ լիովին խաղաղ տարածաշրջան։
-Դուք պահանջում եք վստահելի անվտանգության երաշխիքներ տևական խաղաղության համար, Ձեր կարծիքով դա ի՞նչ է նշանակում կոնկրետ Հայաստանի համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ վստահելի անվտանգության կոնկրետ գործողությունները։
-Դա նախ Հայաստանի տարածքից բոլոր այն ռազմական ուժերի դուրսբերումն է, որոնք հայկական չեն։ Սա հիմնարար է։ Սա հավատ ներշնչող առաջին քայլն է՝ բարի կամք ցույց տալու համար։ Հաջորդ քայլը բոլոր հայ գերիների ազատ արձակումն է։ Մենք դա արդեն պահանջել ենք մի քանի բանաձևով, այս բանաձևում նույնպես դա կա, բայց սա շարունակությունն է բազմաթիվ բանաձևերի, որոնք ես արդեն ընդունել եմ այստեղ՝ խորհրդարանում։ Խոսքը հայ գերիների մասին է, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Պետք է, իհարկե, ապահովել, որ նրանք կարողանան օգտվել արդար դատավարությունից՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա հիմնարար է։ Այսօր թվում է, որ դա այդպես չէ, և կարծում եմ, որ մենք պետք է օգտվենք այս քաղաքական պահից և այս երկու գագաթնաժողովներից՝ դրան հասնելու համար։ Թեև արդեն որոշ քայլեր արվել են, պետք է արդար լինել. 4 հայ գերի է ազատ արձակվել, ինչը հեշտ չի եղել ադրբեջանական կողմի համար, հատկապես ադրբեջանական հասարակական կարծիքի տեսանկյունից։ Այսինքն՝ ինչ-որ բաներ արվում են, դա ժամանակ է պահանջում, բարդ է, բայց, իհարկե, պետք է շարունակել և հուսալ։ Վերջապես, սա անձնական տեսակետ է, որ ես ասում եմ, բայց անկեղծորեն հույս ունեմ, որ այդ մարդիկ կազատվեն։
-Կարծում եք Եվրոպական միությունն այսօր ունի՞ բավարար քաղաքական գործիքներ՝ իրականում Հայաստանին աջակցելու համար: Տեղի ունեցող մերձեցումը ավելի շատ հռետորաբանությո՞ւն է, թե՞ իսկապես գործիքներ կան։
-Կարծում եմ՝ այն պահից, երբ Եվրոպական միությունը որոշում է հենց տեղում անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը, դա արդեն ուժեղ ազդանշան է։ Եվ բացարձակապես վստահելի չէր լինի, եթե այդ ուժեղ ազդանշանին չհետևեին գործողություններ, հակառակ դեպքում դա իրականում իմաստ չէր ունենա։ Ես շատ լավ հիշում եմ, որ մի օր Եվրոպական հարցերի հանձնաժողովում դիմել էի Բարտ Վևերին (խմբ. Բելգիայի վարչապետ), և նա շատ ուրախ էր ինձ հայտնելու այդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշման մասին նույնիսկ մինչ այն պահը, երբ Հայաստանը սրա մասին պաշտոնապես հայտարարեց։ Նա գիտի, որ ես այն պատգամավորն եմ, որը Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամենաջերմեռանդ պաշտպանն է Բելգիայի խորհրդարանում։ Այսպիսով, սա վկայում է, որ սա պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ, այլ դրա հետևում իրականում գաղափար կա, և Եվրամիության երկրներից է կախված դրան հետևելը։ Իսկ ի՞նչ է պահանջում իմ բանաձևը։ Այն պահանջում է Բելգիայի կառավարությունից հետևել, որ դրան իսկապես հաջորդեն գործեր։ Իրականում հենց սա է այս բանաձևի պահանջների իմաստը։ Իսկ Բելգիան դա պետք է անի, բնականաբար, 27 երկրների միջոցով։ Նրանք 27-ն են, և պետք է այնպես լինի, որ Եվրոպական խորհրդի սեղանի շուրջ մենք գնանք հենց այդ ուղղությամբ։
![]()