Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

«Այսօր տեղի ունեցած միջադեպը սովորական խուլիգանություն չէ. սա որոշ ուժերի իրական դեմքն ու բարոյական պատկերն է։

Եթե անձը չի զսպում իր ագրեսիան անգամ սուրբ պատարագի ժամանակ և Աստծո տանը, ապա պատկերացրեք, թե ինչերի են պատրաստ նրանք, եթե իշխանություն ունենան: Սա նրանց պատկերացրած «ապագան» է՝ հիմնված բռնության, ամենաթողության և վախի մթնոլորտի վրա։ Նրանց նպատակն է երկիրը վերադարձնել այն ժամանակներին, երբ հարցերը լուծվում էին ուժով, այլ ոչ թե օրենքով։

Ժողովրդավարությունը թուլություն չէ։ Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է։ Պահանջում եմ իրավապահ մարմիններից գործել անհապաղ և վճռական. այս հանցագործությունը պետք է ստանա խստագույն իրավական գնահատական: Բռնության քարոզով և վախ սերմանելով իշխանության հասնելու փորձերը մեր երկրում այլևս տեղ չունեն և արժանանալու են համարժեք հակահարվածի»,- գրել է Մանավազյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:

Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ