«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա

Հայաստանի տարածքով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ևս 164 աշխատակից է տարհանվել իրանական «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

«Մարտի 27-ին ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Ռոսատոմ»-ի ևս 164 աշխատակիցներ, որոնք տարհանվել էին «Բուշեր» ԱԷԿ-ից և Իրանից Հայաստան էին ժամանել «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, մեկնել են հայրենիք: Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- հայտնել է դեսպանությունը։

Նշվում է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ»-ի աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»,- ասված է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ