Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ կամ գրանցել իրենց բնակարանների սեփականության իրավունքը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության վերաբերյալ վեճը «կասեցնում» է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը՝ ստեղծելով անորոշություն հարյուրավոր քաղաքացիների համար։

Արդյունքում ձևավորվում է օրինական ակնկալիք, որը չի իրացվում․ մարդիկ չեն կարողանում ձևակերպել ձեռք բերված գույքի նկատմամբ իրենց իրավունքները։

Նախագծով առաջարկվող լուծումները՝

  • Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցով հարուցված` հողամասի շուրջ դատական վեճի առկայությունը այլևս խոչընդոտ չի լինի կառուցված շենքից բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման համար, ինչպես նաև կառուցվող շենքից բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար։
  • Գնորդը կստանա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը:
  • Կառավարությունը կկարողանա սահմանել շենքով զբաղեցված հողամասի սխեման, որի շրջանակում, անկախ դատական վեճի արդյունքից, երաշխավորվում է գնորդների սեփականության իրավունքը և՛ բնակարանի, և՛ հողամասի նկատմամբ։

Բոլոր դեպքերում գնորդներին երաշխավորվում է շենքի ընդհանուր գույքի կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք։

Կարգավորումները միտված են քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությանն ու տարածվում են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ