![]()
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն խաղերից:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանը մշտապես ակտիվ դեր է ունեցել ու հավատարիմ է մնացել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքներին: 2024 թվականին Հայաստանն ընտրվեց 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացման վայր: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստվել Ֆրանկոֆոն խաղերի անցկացմանը: Իսկապես մեծ վստահություն է ու իսկապես մեծ պատիվ: Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ երկխոսության, փոխըմբռնման ու համերաշխության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` Երևանում կայանալիք խաղերն ունենալու են հատուկ խորհրդանշական նշանակություն` դրանք թվով 10-րդն են:
«Հատկանշական է նաև այն, որ այս խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանկոֆոնիայի բաց ու ներառական բնույթը»,-ասաց նա:
Հարությունյանն առանձնացրեց, որ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Հանրապետության հրապարակում. նպատակ կա բացառիկ դարձնել Երևանում կայանալիք խաղերը` բուն արարողությունը չանցկացնելով մարզադաշտում, այլ ընդգրկելով ամբողջ քաղաքը:
2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:
Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:
Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:
![]()