Ապատեղեկատվություն է՝ իբր Կառավարությունը մտադիր է հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների պարգևները

«Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ»։

Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Միաժամանակ ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների սոցիալական և բարոյական կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների և իշխանությունների քաղաքականության նկատմամբ անվստահության ձևավորմանը։

Տեղեկատվության տարածման շղթան վկայում է դրա համակարգված և կազմակերպված բնույթի մասին․ այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների կողմից, ակտիվորեն տարածվել «X» հարթակում՝ կասկածելի և փոխկապակցված օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները առանձին դեպքերում համընկնում և լրացուցիչ ուժեղացվում են երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների միջոցով։

Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ, ուստի զերծ մնացեք չստուգված տեղեկությունների տարածումից և մի՛ նպաստեք ապատեղեկատվության վերարտադրմանը»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ