![]()
«Ես որ վարչապետ չլինեմ, 4 ժամ հետո Դուք աշխատանք չեք ունենալու, ֆայլաբազարում եք կանգնելու, որ փող վաստակեք։ Հենց ես չընտրվեմ, դուք լրագրող չեք լինի, որովհետև Ձեր ծառայության կարիքը էլ չի լինի, էլ չեն ֆինանսավորի»:
Մարտի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեքստով է լրագրող Վահե Մակարյանի հարցին պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հայտարարել է, թե ինքը չի ընտրելու ՔՊ-ին ու ՀՀ վարչապետին, բայց նախկիններին էլ չի ընտրելու, որովհետև նրանցից էլ է զզվում, իսկ վարչապետի վերջին հայտարարությունները վախեցնելու փորձ է որակում:
Վարչապետը, ի պատասխան, նշել է, թե ինքը համոզված է՝ այդ լրագրողը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, բայց այդ մասին չի ասի, քանի որ կզրկվի ֆինանսավորումից։
«Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետև հակառակ դեպքում վաղվանից կկտրվի Ձեր ֆինանսավորումը: Երբ չքվեարկեք ՔՊ-ի օգտին, էլի կտրվելու ա Ձեր ֆինանսավորումը, որովհետև Ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև Ձեր նման լրագրող պետք չի լինելու ՀՀ-ում, դուք գործազուրկ եք լինելու։
Դուք աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև էն մարդիկ, որոնք Ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք եք դուք, որ գաք էս միկրաֆոնի տակ կանգնեք «դոշ ծեծելով» ասեք ինչքան վիրավորական, ինչքան, կներեք, բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն, ու իրանք էլ ասեն «Տեսեք՝ ինչ թույլ ա, ծնոտին չտվեց»։ Բայց իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ ա»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման լրագրողը նորմալ լրագրողական միջավայրում աշխատանք չէր ունենա, բայց իրենք դեռ երկար տարիներ աշխատելու են միասին, լրագրողը հարցեր է տալու, ինքն էլ պատասխանելու է դեռ առաջիկա տարիներին:
![]()