Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից. Փաշինյան

«Մենք պետք է ակտիվ հաղորդակցության մեջ լինենք, մենք ժողովրդի հետ մեր ունեցածը կիսում ենք և հանձնվում ենք ժողովրդի դատին, ինչպես դա արել ենք 2021 թվականին: Ցանկացած որոշում, որը կկայացնի ՀՀ ժողովուրդը, մենք այդ որոշմանը հնազանդ կերպով կենթարկվենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած գործընթացներին՝ Փաշինյանը նշեց. «2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ ԱԽ-ում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները, ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Մեր հետախուզության ունեցած տվյալներով առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել են ձեռք չտված: Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենար քաղաքական գործընթաց և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն, ՀՀ ԱԺ-ում շնորհավորում էին իրար և դրանից հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան: Նրանք ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում, այդ մարդիկ, ընդ որում նրանց մի մասը ՀՀ-ում իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառի բուն իմաստով փախան Ղարաբաղից՝ ինձ մեղադրելով, որ սահմանները փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա: Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այդ ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»:

Վարչապետը նկատեց, որ ժողովրդին չպետք է սնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով. «Ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Մենք պետք է խաղաղվենք, կա ՀՀ և ուրիշ ոչինչ, տնավորվում ենք ՀՀ-ում: Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, ընդ որում 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այլ պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու: Չկարողացան անել, որովհետև իրենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել: Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից, նրանք հայ ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ