Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից. Փաշինյանը՝ զոհողությունների մասին

Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես ինքս մինչև վերջերս ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը մեզ համար Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունն են ստեղծել և Իոսիֆ Ստալինը: Ասել է՝ հա՛յ ժողովուրդ, պետք է այսպիսին լինեք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդն այժմ վերադառնում է իր ինքնությանը, որը կապվում է պետության հետ:

«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Սա մենք պետք է պարզ հասկանանք, սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձավ քննարկումներին, թե խաղաղությունն ուրացում է, այն հայ ժողովրդի զոհողությունն է, միաժամանակ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե խաղաղությունը հատուցումն է ժողովրդի տված զոհողությունների:

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ Փաշինյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը (էլի գիտեմ՝ դժվար է ընկալվելու), մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թվականին: Դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն:

Սրանից առաջ այդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել: Մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին:

Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, հասկանո՞ւմ եք, մեր պետության, մեր ինքնության համար, մեր ապագայի համար, և սա է նյարդայնացնում բոլորին, որովհետև բոլորին նյարդայնացնում է, թե դուք ո՞վ եք, որ որոշեք: Մենք պետություն ենք: Մենք ՀՀ-ն ենք և մենք որոշել ենք: Ինչո՞ւ ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց, ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը: Այ դրա համար ենք որոշել: Մենք քվեատուփեր լցնելով չէ որ եկել, հասել ենք իշխանության, ոչ էլ այստեղից-այնտեղից դաբրոներ ունենալով ենք եկել հասել իշխանության:

2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորին, որովհետև բոլորին ձեռք էր տալիս ՀՀ-ն ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից, պարանը գցած, որտեղ ուզում տանում են: Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի, թե երբ զոհողության գնա, որովհետև ինքը իրավունք չունի իր համար զոհողութան գնալ: Ինքը կարող է զոհողության գնալ երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի՝ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա, մորթվի՛ր: Բոլորին սա է նյարդայնացնում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ