![]()
Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն:
Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: Ընդ որում՝ երբեմն խախտվել են երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ լինում են, այլ հետապնդում են սեփական շահերը:
Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների և երաշխավորների մասին, և խոսել է խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով: Ահա, կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք: Այդ խաղաղությունը նույնիսկ տարածաշրջանային մեծ փոթորիկների ու պայթյունների մեջ առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսին լինել՝ ապացուցելով իր կենսունակությունը: Բայց խաղաղության ամրություն, պայմանավորվածություն ինչո՞վ, եթե չկան երաշխավորներ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ու առհասարակ խաղաղությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերի համար, հետևաբար նպատակ կա ստեղծելու փոխշահավետ համակարգ, մեխանիզմ ու մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար կլինի շահավետ՝ առհավետ պահպանելու խաղաղությունը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի՝ խաղաղության երաշխավորների մասով հայտարարություններին, Միրզոյանը մեկնաբանեց. «Ո՛չ խաղաղություն են ուզում, ո՛չ ավելի ապահով ապագա, սաղ սուտ է: Կոնկրետ [ուզում են]՝ իքս երկիրը ինչ-որ հավելյալ լծակներով շարունակի, ավելացնի ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ըստ այդմ՝ շարունակվի այն ցիկլը, որի մեջ եղել ենք, հետո էլի ենք եղել…
Մեզ էլ ընդդիմություն կոչվածների շնորհիվ՝ քթներիցս բռնած, տանեն հագցնեն նույն պատին, հետո էլի՝ նույն պատին: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ ենք առաջարկում ՀՀ ժողովրդին, որ այնպես անենք՝ այս անգամ չխփվենք պատին, այլ վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»:
![]()