![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է իր ամբողջ քարոզարշավը կառուցել տնտեսական 5 կետերի շուրջ։ Մի կողմ թողնենք, որ բացի մի քանի սոցիալական հեքիաթներից՝ այդ թիմը որևէ ասելիք չունի պետության կառավարման ոլորտում, և նրանց պետք էլ չէ ասելիք ունենալ, քանի որ Սամվել Կարապետյանը, ըստ ՀՀ Սահմանադրության, չի կարող լինել վարչապետի թեկնածու, նա իր ձայների տերը չէ, սակայն նույնիսկ այդ տնտեսական ծրագրերը իրականության հետ որևէ աղերս չունեն։
Այսօր կանդրադառնանք 5 կետերից մեկին՝ 20.000 բնակարանի կառուցման «խոստմանը»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ծրագիրը նկարագրում են հետևյալ կերպ․ «Շենքի կառուցման համար անհրաժեշտ հողամասը պետությունը տրամադրելու է անվճար, իսկ ենթակառուցվածքներին (գազ, ջուր և էլեկտրական էներգիա) միացումը իրականացվելու է պետության միջոցների հաշվին։ Փոխարենը կառուցապատողները կամ կառուցվող բազմաբնակարան շենքերից պետությանը տրամադրում են համապատասխան մակերեսի բնակարաններ, որոնք հետագայում պետությունը մատչելի արժեքով վաճառում է երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին, կամ կառուցապատողը փոխարենը կառուցված բնակարանները երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին վաճառում է պետության կողմից սահմանված մատչելի արժեքով»։
Իրականությունը հետևյալն է․
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ մարզերի քաղաքների ճնշող մեծամասնությունում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները չեն ապահովում կառուցապատողների համար բավարար շահութաբերություն, հաճախ նաև շինարարության ինքնարժեքը էականորեն ավելի բարձր է վաճառքի արժեքից։ Այնքան բարձր է, որ անգամ հողն ու ենթակառուցվածքները անվճար ստանալով՝ կառուցապատողի համար այդ բիզնեսը վնասաբեր է։ ՀՀ Շիրակի, Լոռու, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ոչ մի բնակավայրում տվյալ առաջարկով հնարավոր չէ կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։
Բացի դրանից, «լավությունը», որն անում է պետությունը (անվճար հող և ենթակառուցվածքներ), իրականում չափազանց փոքր դեր ունի կառուցվող անշարժ գույքի ինքնարժեքի մեջ։ Հողի և ենթակառուցվածքներին միանալու գինը ինքնարժեքի 10-15%-ն է կազմում։ Դա նշանակում է, որ արդյունքում բնակարանների գները կարող են նվազել առավելագույնը 10-15%-ով, կամ պետությունը իր «լավության» դիմաց յուրաքանչյուր շենքից կարող է ակնկալել 16-17 բնակարան։
Ծրագիրը մարզային քաղաքների մեծ մասի համար պարզապես չի էլ մեկնարկի, քանի որ կառուցապատողներին դա հետաքրքիր չի կարող լինել։ Այն քաղաքներում, որտեղ գուցե մեկնարկի, քաղաքացիների համար դրական ազդեցությունը չնչին է լինելու, քանի որ վաճառվող բնակարանների ինքնարժեքը կարող է նվազել առավելագույնը 10-15%-ով, որը էականորեն չի նվազեցնի բնակարանի գինը։ Ընդ որում, նման ծավալի շինարարության դեպքում կտրուկ կավելանա շինարարական ծառայությունների նկատմամբ պահանջարկը, ինչը կբերի այդ ծառայությունների թանկացման։ Արդյունքում բնակարանների ինքնարժեքը կարող է ոչ թե 10-15%-ով էժան ստացվել, այլ հակառակը՝ ավելի թանկանալ։
Եթե ընտրվի մյուս տարբերակը (էժան գնի փոխարեն՝ կառուցապատողը ամեն շենքից որոշակի քանակով բնակարան տրամադրի պետությանը), ապա 20 հազար մատչելի բնակարան ունենալու համար պետք է կառուցվի ավելի քան 1000 շենք, որի համար կպահանջվեն տասնյակ տարիներ։ Իսկ եթե որոշեն հավելյալ սուբսիդիա տրամադրել, ապա պետք է բարի լինեն պատասխանել, թե 20.000 բնակարանները էժանացնելը որքան ծախս է բյուջեի համար և որտեղից է ֆինանսավորվելու։
Այս ամենը խնդրի միայն տնտեսական ու ֆինանսական կողմն է նկարագրում, իսկ եթե խոսենք նաև ենթակառուցվածքների սահմանափակության պատճառով առաջ եկած խնդիրների մասին (ջրային ենթակառուցվածքներ, էլեկտրական հոսանքի և այլն), ապա ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստան»-ը ոչ միայն որևէ հաշվարկ չունի, այլև ուղղակի խաբում է ժողովրդին։
Շարունակելի․․․
![]()