![]()
Առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՍԴ դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը:
«Առաջարկում ենք ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
ՍԴ դատավորների՝ 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:
Նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն՝ մեկնակետը ՍԴ դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ 2026-ի համար ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմած աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց հավելավճարի հաշվարկման կարգի մասին, նախարարը պարզաբանեց. «Հավելավճարի հաշվարկման կարգի հետ կապված, եթե 10 տոկոսների մասին եք հարցնում, ապա 4-րդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար 10 տոկոս է հաշվարկվելու:
Կարող եմ տարեկան կտրվածքով ասել, որ, օրինակ, ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1 մլն 284 հազար 384 դրամի աշխատավարձ է տարեկան 15 մլն 412 հազար 608 դրամը, առաջարկվող լրացման ուժով հավելավճարն ապրիլից կկազմի 150-510 հազար դրամ՝ կախված ստաժի քանակից»:
![]()