![]()
Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանի խոսքով՝ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, ոչ թե շանտաժ է, այլ իրականություն:
Ըստ Առաքելյանի՝ այդ իրականությունը բխում է ընդդիմության վարքագծից և քաղաքական հայտարարություններից ու ցանկություններից. «Իսկ նրանք դրանցում տարածքային պահանջներ են ներկայացնում հարևան երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ Կարապետյանի ու Քոչարյանի պաստառները Արարատ լեռան պատկերով են, հարևան երկրները սա կարող են դիտարկել որպես իրենց տարածքների նկատմամբ ոտնձգություն: Այս մարդիկ 44-օրյա պատերազմից հետո ամեն կերպ փորձում են Հայաստանը ներքաշել կոնֆլիկտի մեջ»:
Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը եղել է նախկին իշխանության երաշխավորը ընդդեմ Հայաստանի ու նրա ժողովրդի. «Հիմա էլ են ուզում, որ Ռուսաստանը իրենց երաշխավորը դառնա, ոչ թե ՀՀ-ի: Կարապետյանը և մյուսները իրենք են գերի ՌԴ-ի ու Բելառուսի ձեռքին, տիկնիկ են ընդդեմ ՀՀ-ի: Թող իրենք ազատագրվեն, հետո խոսեն գերիների ազատման մասին: Ուզում են մի ամբողջ պետություն էլ գերի տանեն, դարձնեն ստրուկ»:
Առաքելյանը համոզմունք է արտահայտում, որ հունիսի 7-ից հետո այս մարդկանց սպասվելու է մեծ հիասթափություն, և ՌԴ-ն մի կողմ է նետելու իր ժանգոտ գործիքները. «Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում, ուժեղ ասելով՝ ուժեղ չես դառնում»:
Կրկին անդրադառնալով Ռ. Քոչարյանին՝ քաղաքագետն ասում է. «Ռոբերտ Քոչարյանը բամբազից կլոր վիզ սվիտրով եկել էր Հայաստան, հիմա Ստեֆանո Ռիչի պիջակով նստած կռուտոյ տղու պես հարցազրույցներ է տալիս: Բամբազի սվիտրից մինչև այդ պիջակը ընկած են հայ ժողովրդի ալան-թալանը, արյունը և տառապանքները»:
Էդգար Առաքելյանը շեշտում է՝ հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին ընտրություն է կատարելու խաղաղության և պատերազմի միջև. «Հունիսի 7-ը լինելու է ճակատագրական»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()