![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները խաղաղություն են ուզում, նրանք գոհունակություն են հայտնում, որ իշխանությունը պայքարում է խաղաղության համար:
Ըստ պատգամավորի՝ մարդիկ միայն դժգոհ են այն բանի համար, որ իշխանությունը էլ ավելի խիստ չի պայքարում ընդդիմության ներկայացուցիչների ոչ կոռեկտ խոսքի և պահելաձևի դեմ:
Լուսինե Բադալյանը շեշտում է, որ ամեն բան կախված է խաղաղությունից:
«Խաղաղությունը արդեն կա, և այն անկասելի է, բայց խաղաղությունը խնամք է պահանջում: Այն, որ ասում ենք՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի, պատերազմ է լինելու, ո՛չ շանտաժ է, ո՛չ նախընտրական տրյուկ, դրա մեջ կա լուրջ ճշմարտություն: Ընդդիմադիրները անընդհատ խոսում են Արցախ վերադարձի մասին, սա բանակցությամբ հնարավոր չէ, ուզում են պատերազմով անել: Մարդկանց զգացմունքների հետ են խաղում: Ռոբերտ Քոչարյանը եթե մի քիչ անկեղծ լինի, կասի, որ Արցախ վերադարձի մասին ցանկությունները բերելու են այս, այս, այս հետևանքներին»,- մանրամասնում է պատգամավորը:
Ըստ Բադալյանի՝ մենք մտել ենք թեժ փուլ և էլ ավելի է թեժանալու. «Ամենամեծ ուժը անկեղծությունն է: Մեծ-մեծ խոսող մարդիկ ուժեղ չեն, ուժի ցուցադրություն են ուզում անել, թող գնան բռնցքամարտի մրցումների: Գնացեք տեսեք՝ այսօր ինչ կա բանակում ու համեմատեք նրա հետ, ինչը կոչում էիք հզոր»:
Իշխող ուժի անդամը միաժամանակ ընդգծում է. «Կամ մենք գնում ենք խաղաղություն, կամ պատերազմ: Ընտրությունները անդառնալիության կետն են: Այս ընտրությունները ամենակարևորն են»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()