![]()
Մարտի 24-ին գումարված ԱԺ նիստերի օրակարգում էր նաեւ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար: Սրան զուգահեռ՝ Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաեւ համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ միջոցներն ուղղվելու են արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: «Այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք կառուցել ե՛ւ կենտրոն, ե՛ւ Պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենք, բայց վարչական շենքն արդեն սեփական միջոցներով: Կենտրոն ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն շենքը, շինարարական ենթակառուցվածքը, այլեւ իր կոմպլեքս գաղափարն այն տեսանկյունից, որ բոլոր մաքսային ծառայությունները եւ բոլոր ծառայությունները, որոնք վերաբերում են արտահանողին ու ներմուծողին, սպասարկվեն մի կետից»,- ասել է նա:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ կենտրոնը գտնվելու է Պռոշյան գյուղում, ուղիղ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարեւանությամբ: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա մեկ համակարգում մեկտեղել ոչ միայն մաքսային, այլեւ բոլոր մարմինները, որոնց գործառույթները կապված են ապրանքների արտահանման եւ ներմուծման հետ:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ նախագիծը միտված է քաղաքացիների, տնտեսավարողների կյանքը հեշտացնելուն:
![]()