![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովի մարտի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության և նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ:
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրենքում վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Նախատեսվում է, որ փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
Նախարարը պարզաբանել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների համար բժշկական կրթություն ունենալու պարտադիր պահանջը փոխարինվում է, նախատեսվում են ավելի լայն շրջանակներ և հնարավորություններ, ինչը նշանակում է, որ և՛ բժշկական կրթություն ունեցող, և՛ ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք, որոնք ղեկավարման բնագավառում կամ առողջապահական կազմակերպություններում ունեն աշխատանքային փորձառություն, կարող են հավակնել ԲԿ-ների ղեկավարի պաշտոնին: Ըստ զեկուցողի՝ պետք է բարձրացվի նաև բժշկական կենտրոնների բուժական գծով տեղակալների դերակատարությունը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը:
![]()