Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ

Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունիսին ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում արտահանման այժմյան ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ԱՄՆ դոլարով, ինչը Հայաստանին կտա նոր մրցակցային առավելություն, և արտահանման ծավալները կմեծանան: Կավելանա նաև սուբսիդավորումը:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6 տոկոսից կնվազի՝ հասնելով 2,6 տոկոսի:

Մեր երկրի ներկայացրած առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են: Գյուղատնտեսական ապրանքների մասով ներառված են թարմ մրգերը, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան և այլն:

Արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները և այլն:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ