![]()
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը պատերազմն է: Մեկը պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է: Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ խոսքը օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» չձևավորի սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ է Իլհամ Ալիևը պայմանավորվել:
«Եթե դուք դա կենտրոնացնում ենք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա, այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ: Ես դրան ընդհանրապես դեմ չեմ: Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, նաև դրա իրավունքն ունեն, և վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը ՀՀ-ում, դրա իրավունքն ունի, և դա գնահատական է:
Ի դեպ, ասեմ, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի»,- ասաց նա:
Հարցին՝ մարզեր այցելությունների ժամանակ ինչպիսի՞ն են խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ հասարակությունը մեծ հույս ունի, որ այս ուղղությունը կշարունակվի, իսկ իշխող ուժն էլ ասում է, որ պետք է տեր կանգնել խաղաղությանը:
![]()