![]()
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի փորձը՝ առանց որևէ կապ ունենալու քննարկվող թեմայի հետ, ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական գործիչների վերաբերյալ հայտարարությունների հարցին պատասխանելիս հիշատակել Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևին, անընդունելի է։
Այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն՝ Մարիա Զախարովայի վերջերս տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանության մեջ։
Հաջիզադեն նշել է, թե Հեյդար Ալիևի անվան նման հղումները անհարգալից են նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք մեծացնում են լարվածությունը և խաթարում վստահությունը։
Մենք սպասում ենք ռուսական կողմից այս հայտարարության վերաբերյալ պարզաբանմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Նշենք՝ ճեպազրույցի ժամանակ Զախարովան տարակուսանք էր հայտնել Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին արված արտահայտությունների և հայ հոգևորականության շրջանում նախկին ԿԳԲ-ի գործակալների մասին նրա հղումների վերաբերյալ։
«Ոչ, ես չեմ հասկանում, թե որ երրորդ երկրի մասին է նա խոսում։ Ես չեմ հասկանում, թե ում է Նիկոլ Փաշինյանը նկատի ունենում, երբ խոսում է ԿԳԲ-ի գործակալների մասին։ Ու՞մ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞։ Նա հոգևորական է ասում։ Ես դա ասում եմ պարզապես, որովհետև հասկանում եմ ենթատեքստը: Ոչ, նա Հեյդար Ալիևի՞ մասին է խոսում։ Ոչ, նա խոսում է հանրապետության հոգևորականության մասին», — հայտարարել է Զախարովան:
![]()