![]()
«Արցախահայության նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չկա, հակառակը՝ ՀՀ-ն իր ուժերի ներածի չափով ընդունել է արցախահայությանը։ Ունենալով աշխարհի ու հարևանների հետ պրոբլեմ, լինելով ագրեսիայի վտանգի տակ՝ կարողացել է ընդունել ու նվազագույն սոցիալական հարցեր կարգավորել իրենց համար։ Նաև պետությունը փորձ է անում արցախահայությանն ինտեգրել Հայաստանի կյանքում»,- Civic.am-ի տաղավարում անդրադառնալով կիրակի օրը մետրոյում վարչապետի ու տեղահանված կնոջ մասնակցությամբ միջադեպին՝ ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Նրա դիտարկմամբ՝ շատ հարցերում պետք է ըմբռնումով մոտենալ արցախահայության խնդիրներին, որովհետև նրանք ամեն դեպքում զրկվել են հայրենիքից, ողբերգություն ապրել: «Մարդիկ ունեն լաց լինելու, բղավելու, իրենց հույզերն արտահայտելու իրավունք, մենք դրան պետք է ըմբռնումով մոտանանք։ Սակայն իրենք էլ պետք է իմանան, որ չի կարելի այդ հույզերն էպիտետներով փաթեթավորել, ասել՝ ես այսպիսի ողբերգություն եմ ապրել, ու քշել պետության դեմ։ Արցախահայությունը պետք է իմանա, որ ՀՀ քաղաքացին ևս այդ ողբերգությունն ապրող է, ևս խնդիրներ է ունեցել, ագրեսիայի է ենթարկվել։ ՀՀ-ից մի հատված Ադրբեջանը պոկել է, այդ էմոցիաները ՀՀ քաղաքացիներն ունեն։ Արցախահայությունն էլ պետք է ՀՀ քաղաքացիների էմոցիաներին ըմբռնումով մոտենա ու չբորբոքի դրանք»,- նկատեց նա։
Հայկ Սուքիասյանի խոսքով՝ ստացվեց այնպես, որ այն ջանքերը, որ Հայաստանի Հանրապետությունը ներդրեց Արցախում, արդյունք չտվեցին՝ բազմաթիվ գործոնների հաշվառումով, ու արցախահայությունը չկարողացավ մնալ Արցախում․ «Բայց այդ խնդիրն ուներ նաև Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ՀՀ քաղաքացին ևս պետությունը կորցնելու վտանգի առաջ էր, բայց արցախահայությունը չկարողացավ։ ՀՀ քաղաքացիները կարողացան պահել Հայաստանի Հանրապետությունը, ընդունել արցախահայությանը եղբայրաբար և փորձել արցախահայության համար ապահովել անվտանգ կյանք»։
Մեր զրուցակիցը նշեց՝ ռևանշիստների զռռոցներին չպետք է նայել, հարցը պետք է խորքային վերլուծել՝ որպես ժողովուրդ ու պետություն: «Մարդիկ, ովքեր Արցախ են բղավում՝ նկատի ունեմ ղարաբաղյան կլանն ու այդ կլանի երևանյան մասնաճյուղը, սրանք Ղարաբաղ հետ բերող չեն, էդ տակն արածներից հավատում եք, որ Ղարաբա՞ղ են հետ բերելու։ Եթե էդ գեներալի տնազն ասում է՝ Միութենական պետություն, փորացավը դա է, Ղարաբաղն էլ է ուզել, որ Միութենական պետություն լինի, նրանք Արցախ ազատագրող չեն։ Սրանց նպատակն է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, հայությանը ներքաշել սպանդի մեջ, որից Հայաստանի Հանրապետության դիակն են հանելու»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()