![]()
Մեզ համար էլ «որքան շուտ, այնքան լավ» տարբերակն է գործում, բայց դրա համար բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ ի վերջո, կփակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ն։
«Այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաջարկը որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակին ենք ավելի հակված։ Վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք և առաջիկայում որոշումը արդեն թղթին հանձնված կունենանք և կգնանք «Նուբարաշենը» փակելու ճանապարհով։ Բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ ենք գործ ունենալու, առաջիկա երկու տարիները պետք է նկատի ունենալ։
Քրեակատարողական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակը, որը բավարար է, որպեսզի «Նուբարաշենը» այլևս գոյություն չունենա։ «Նուբարաշենը» որքան անձ սպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ, ըստ էության 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր։ Իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում, որ ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմներ։ Այսինքն «Նուբարաշենը» կգործի մինչև նոր շինության կառուցումը, բայց կփորձենք ապահովել նվազ ծանրաբեռնվածությամբ»,–ասաց Գալյանը։
![]()