Հարգելի տիկին, գիտե՞ք որն է խնդիրն ու վիրավորականը, ինչը չէի ցանկանա որ այդպես լիներ.Ավագյան

Արսեն Ավագյանը գրում է.

⚡ Հարգելի տիկին, գիտե՞ք որն է խնդիրն ու վիրավորականը, ինչը չէի ցանկանա որ այդպես լիներ.
Մենք հասկանում ենք ձեր ցավն ու տառապանքը, և ապրում ձեզ հետ այդ ցավի մեջ, բայց դուք չեք հասկանում մեր ցավն ու տառապանքը։
Հայաստանին և հայ ժողովրդին վիրավորելով, ի՞նչ խնդիր եք լուծում, իհարկե ո’չ մի, այլ փոքր խնդիրն ավելի եք մեծացնում։
Իրականում Հայաստանի ու հայ ժողովրդի ձեր նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը այլ ձև եք հասկացել, դրա համար ձեզ թույլ եք տալիս Հայաստանն անվանել չհայաստան, իսկ հայ ժողովրդին` ժեխ։
Մենք թքած չենք ունեցել Ղարաբաղի վրա, ինչպես դուք թքած ունեք Հայաստանի վրա, և եթե՞ մենք էլ ձեր պես մտածեինք, Ղարաբաղից դուրս եկող, անծայրածիր մեքենաների խցանման միջով, զենքը վերցրած չէինք շտապի Ղարաբաղ պաշտպանելու, բայց ի՞նչ ենք ստանում այսօր։
Պարբերաբար ձեր նմանները հայ ժողովրդին մեղադրում են Հայաստանցի Արցախցի անջատման մեջ, բայց ի՞նչ է ձեր արածը, եթե ո’չ տարանջատում։
Ինչպե՞ս եք ապրում մի երկրում, որի վրա թքած ունեք։ Ինչպե՞ս եք ապրում մի երկրում, որի քաղաքացիներին անվանում եք ժեխ, և ամեն օր տանից դուրս գալուց նայում նրանց աչքերին։ Ինչպե՞ս եք ապրում մի երկրում, որին անվանում եք չհայաստան։
Իրականում ինձ համար մեծ ցավ էր այս կնոջ կողմից գրված այս ամենը կարդալը, քանի որ Ղարաբաղի իմ հայրենակիցներին ոչնչով չեմ տարբերել Հայաստանի իմ հայրենակիցներից։
Ես քեզ ջան ասեմ դու ինձ չոռ, ու դա համարել նորմալ երևույթ, նորմալ չէ, նույնիսկ շատ վատ է։
Այսինքն, մենք պարտավոր ենք ջան ասել, իսկ դուք իրավունք ունեք չոռ ասել, և մենք պարտավոր ենք մեզ ասած չոռի համար ձեր իրավունքները պաշտպանել, և այսպես որքա՞ն։
Սիրելի ղարաբաղցիներ` իմ քույրեր և եղբայրներ, շատ վատ է, որ դուք Հայաստանին ու հայ ժողովրդին նայում եք օտարի աչքերով։
Դադարեցրեք Հայաստանին ու հայ ժողովրդին վերևից նայել, կամ ձեզանից ցածր նայել։ Մենք բոլորս իրար պետք է նայենք նույն դիրքից, իրար սիրելով, հարգելով, իրար հետ նոր ընտանիքներ կազմելով շենացնենք ու զարգացնենք մեր բոլորի հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, և մեր կառուցած Հայաստանում հաշտ ու երջանիկ միասին ապրենք։
Ես ձեզ ներում եմ հարգելի տիկին, և հույս ունեմ, որ հայ ժողովրդի ձեզ սիրող համերաշխության ձեռքը կսեղմեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ