![]()
«Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ադրբեջանում պահվող հայերի շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը»։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանում պահվող անձանց, գերիների վերաբերյալ դիրքորոշումը նույնն է, ես գերադասում եմ այս հարցի շուրջ բարձրաձայն և հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Երբ արդյունք է լինում, հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջերս 4 գերիների ազատ արձակումը և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաև Ադրբեջանի և առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կա՛մ կա արդյունք, կա՛մ չէ։ Աշխատում ենք, իհարկե, չի կարող այս հարցը վերանալ մեր օրակարգից, արդյունք լինի, կիմանաք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել գերեվարված 4 անձի․ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել էին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։
Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։
19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։
Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։
![]()