![]()
«Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:
Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակ պատիժ կարելի է սահմանել:
«Դրանից ավել ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի Խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»,- նշել է նա:
Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել էր, սակայն վիճակը շարունակում էր մնալ ծանր:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել էր, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:
Երեխան մարտի 21-ին, գիտակցության չգալով, մահացել է:
![]()