![]()
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ընտրություններից առաջ հիբրիդային պատերազմի դրսևորումներին։
«Նախ պետք է հասկանալ՝ ինչ է հիբրիդային պատերազմը։ Այն բառացիորեն նշանակում է խառնածին։ Այսինքն՝ Հայաստանի դեմ խառնածին հարձակում է, որը կարող է լինել ապատեղեկատվություն կամ կիբերհարձակում»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դեմ կատարվում են նման հարձակումներ։
Նրա խոսքով՝ մի մասը արվում է լրագրողների միջոցով.«Որոշները անում են գիտակցաբար, որոշներն էլ՝ պատահաբար։ Առաջին հերթին խոսքը սուտ տեղեկատվության մասին է։ Իսկ սուտ տեղեկատվության զգալի մի մասը կարող է գալ կոնկրետ երկրից»,- ասել է նա՝ շեշտելով, որ կարող ենք տեսնել ՌԴ-ից պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնց իրավունքը չունեն։
Նա ընդգծել է, որ կան որոշ շրջանակներ, որոնք ԵՄ անունը լսելուն պես խրտնում են։ «Թվում է, թե եկել են մեզ կուլ տալու, կտրելու են դարավոր բարեկամական կապերից»,- ասել է նա։
![]()