![]()
ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը. քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում Լոռու մարզի երկու բնակիչ ստացել է ընդհանուր 786 հազար ՀՀ դրամի չափով նպաստի գումար:
Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()