Մանկաբարձ-գինեկոլոգը ծննդօգնություն ցույցաբերելու համար հիվանդից ստացել է 30.000 դրամ առևտրային կաշառք և մեկ շան ձագ. գործը դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 19-ին ստացվել Ա. Ք.-ին և Լ. Ա.-ին առաջադրած մեղադրանքներով քրեական գործը: Այն նույն օրը հանձնել են դատավոր Սարգիս Ռաֆիկ Պետրոսյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ա. Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի հունվարի 7-ի թիվ 66 աշխատանքային պայմանագրով նշանակված լինելով որպես առևտրային կազմակերպություն հանդիսացող «Ն» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն’ հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, 2018 թվականի մարտի 3-ին նույն բժշկական կենտրոն ընդունված Լ. Ա.-ի ծննդաբերությունից հետո, վերջինիս օգտին գործողություն կատարելու, այն է` Լ. Ա.-ին ծննդօգնություն ցուցաբերելու համար, նույն օրը վերջինիցս անձամբ պահանջել և ստացել է զգալի չափերով’ 40.000 դրամ առևտրային կաշառք:
Այսինքն’ Ա. Ք.-ին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում նախատեսված 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 272րդ հոդվածի 1-ին մասին:
Բացի այդ, Ա. Ք. հանդիսանալով «Ն» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն’ առևտրային կազմակերպության ծառայող, 2022 թվականի հունիսի 12-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ընդունված Լ. Ա.-ի ծննդաբերությունից հետո, վերջինիս օգտին գործողություն կատարելու, այն է` Լ. Ա.-ին ծննդօգնություն ցույցաբերելու համար, նույն օրը վերջինիցս անձամբ պահանջել է 50.000 դրամ առևտրային կաշառք, սակայն Լ. Ա»-ը տվել է 30.000 դրամ և մեկ շան ձագ:Մեղադրական եզրակացության համաձայն, Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի մարտի 3-ին ընդունվելով առևտրային կազմակերպություն հանդիսացող «Ն» բժշկական կենտրոն, իր օգտին գործողություն կատարելու, այն է’ ծննդօգնություն ցուցաբերելու համար, նույն օրը հիշյալ բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Ք.-ի պահանջով վերջինիս տվել է զգալի չափերով’ 40.000 դրամ առևտրային կաշառք:
Այսինքն’ Լ․ Ա․-ին մեղսագրվում է 18.04.2003 թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասին:
Բացի այդ, Լ. Ա. 2022 թվականի հուլիսի 12-ին ընդունվելով առևտրային կազմակերպություն հանդիսացող «Ն» բժշկական կենտրոն, իր օգտին գործողություն կատարելու, այն է’ ծննդօգնություն ցուցաբերելու համար, նույն օրը հիշյալ բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգ Ա.-Ք.-ի կողմից պահանջված 50.000 դրամ կաշառքի փոխարեն վերջինիս տվել է զգալի չափերով’ 30.000 դրամ առևտրային կաշառք և մեկ շան ձագ:
Այսինքն’ Լ. Ա.-ին մեղսագրվում է 18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատսված հանցանքի կատարում, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասին:

Ա. Ք.-ի նկատմամբ մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ դրվագով, 272-րդ հոդվածի առաջին մասով և 276 առաջին մասով։

Լ․ Ա․-ի նկատմամբ մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 -րդ հոդվածի առաջին մասի 2-րդ դրվագով և 273-րդ հոդվածի առաջին մասով։

Ա. Ք.-ի և Լ․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործը գտնվում է նախապատրաստական փուլում,- տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ