ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Անտառների միջազգային օր, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ նաև որպես անտառագետի օր։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ անտառագետներ, անտառապահներ, բնապահպաններ և ոլորտի գործընկերներ,

Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Անտառների միջազգային օր, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ նաև որպես անտառագետի օր։

Այս կարևոր օրը ևս մեկ առիթ է գնահատելու անտառների կենսական նշանակությունը մեր երկրի կայուն զարգացման, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխությունների մեղմման գործում, ինչպես նաև արժևորելու այն մարդկանց նվիրումը, ովքեր իրենց աշխատանքով պահպանում և վերականգնում են մեր անտառային հարստությունը։

Անտառները ոչ միայն բնական ռեսուրս են, այլև մեր ազգային անվտանգության, էկոլոգիական հավասարակշռության և ապագա սերունդների բարեկեցության հիմնասյուներից մեկը։ Այս գիտակցությամբ պետությունը հետևողականորեն ընդլայնում է անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների ծավալները։

2025 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ շուրջ 260 հեկտար տարածքում, որոնցից 170 հեկտարում հիմնադրվել են անտառմշակույթներ, իսկ 90 հեկտարում կատարվել է բնական վերաճի օժանդակում՝ ցանքսի միջոցով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները ընդգրկել են շուրջ 474 հեկտար տարածք։ Բացի այդ, վնասի հատուցման պայմանագրերի շրջանակում այլ կազմակերպությունների միջոցներով անտառպատում է իրականացվել ավելի քան 24 հեկտարում։

Հատկանշական է նաև տնկանյութի արտադրության աճը․ փակ արմատային համակարգով աճեցվել է շուրջ 1 միլիոն սերմնաբուսակ։ Համայնքների կանաչապատման խթանման նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվել է ավելի քան 25 000 տնկի։

Միևնույն ժամանակ շուրջ 9000 հեկտար անտառածածկ տարածքներում իրականացվել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումներ։

Այս բոլոր աշխատանքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն։

Սիրելի՛ անտառագետներ,

Ձեր մասնագիտական նվիրվածությունը, պատասխանատվությունը և ամենօրյա աշխատանքը անգնահատելի են։ Ձեր շնորհիվ պահպանվում և վերականգնվում է մեր երկրի բնական ժառանգությունը։

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։

Թող մեր համատեղ ջանքերով Հայաստանի անտառները շարունակեն աճել, ամրապնդվել և ծառայել մեր ժողովրդի ու պետության բարօրությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ