Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում։

Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրանցից մեկի՝ ես գերի ունեմ, ինչ խաղաղության մասին է խոսքը, դիտարկմանը։

«Ինչ անենք՝ չգնա՞նք խաղաղության։ Անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի, որովհետև պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորություն է տալիս։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որը եթե չլիներ, չէին վերադառնալու։

Եթե թշնամանքը շարունակվում է, խորանում է, ինչու՞ պետք է վերադարձնեն․ կամ փոխանակում է եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ, որ խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ՝ նպաստում է։ Մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անել»,- ասաց վարչապետը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և նրանց վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ