Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ։

«Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով։

Այս համատեքստում պետության պարտավորությունն է`ապահովելու նրանցից յուրաքանչյուրի համար իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորելու նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։

Բոլորս պետք է հիշենք, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։

Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։

Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ