![]()
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Պոեզիան փողոցը չէ,
այլ փողոցով անցնող
մարդը միայնակ՝
ձեռքերը գրպաներում…
Հենրիկ Էդոյան
Պոեզիայի համաշխարհային օրը առիթ է՝ վերարժևորելու խոսքի բացառիկ ուժը, որը դարեր շարունակ ուղեկցել է մարդկությանը՝ ձևավորելով մեր միտքը և ինքնագիտակցությունը։
Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները՝ ստանալով նոր ձևեր, դառնալով ոչ միայն գրական տեքստ, այլև գոյության ձև, ներքին ճանապարհ, որի միջոցով մարդը փորձում է հասկանալ ինքն իրեն և շրջակա աշխարհը։
Ահա այս և այլ պատճառներով բանաստեղծության ընթերցումը բավական բարդ է և միաժամանակ հաճելի, որովհետև պահանջում է կենտրոնացում, ներհայեցում, մեզ կանգնեցնում է մեր մտքերի և զգացումների առջև՝ ստիպելով վերաիմաստավորել ամեն ինչ:
ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար կարևորում է գրականության և հատկապես պոեզիայի զարգացումն ու տարածումը՝ իրականացնելով մի շարք նախագծեր, այդ թվում՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որոնց շրջանակում աջակցում է հայ ժամանակակից բանաստեղծներին՝ խթանելով ստեղծագործական գործունեությունը, հրատարակված ժողովածուների ներկայացումն ու հանրայնացումը։
Սիրելի՛ բանաստեղծներ և ընթերցողներ, շնորհավորում ենք բոլորիդ Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։ Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն»:
![]()