Անահիտ Մանասյանի ուղերձը քրդական Նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Նավրոզի առթիվ․

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ քրդական Նոր տարվա առթիվ։

Թող այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը, վերածնունդն ու նոր կյանքի սկիզբը, ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։

Թող այս տոնն ու վերջինիս խորհուրդը նպաստեն մեր հասարակությունում համերաշխության, բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանը։

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց, այդ թվում` Հայաստանում ապրող քրդերի` ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Բազմիցս եմ նշել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։

Այդ համատեքստում հատկապես կարևորում եմ բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման, ներառականության երաշխավորման և լիարժեք իրավահավասար միջավայր ձևավորելու նպատակով:

Շնորհավոր Նավրոզ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ