![]()
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել առաջիկա ընտրություններում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև մի շարրք կարևոր դրույթներ, որոնք կհետաքրքրեն ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերին։
ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։
«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները։
Կուսակցություններն ու դաշինքները առաջադրման համար պետք է առաջին քայլով դիմեն և ստանան օգտահաշիվ, ինչը հեշտացնում է ընտրացուցակի կազմավորումը։ Կա գործիք, որն օգտագործում է պետության տրամադրության տակ գտնվող պետռեգիստրի տվյալները։ Այսինքն՝ ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են թեկնածուների անունները կամ նրանց տվյալները, այլ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է թեկնածուներին առնչվող ինֆորմացիան և նրանք ընտրացուցակում իրենց տեղն են գտնում՝ ըստ կուսակցության սահմանած հերթականության»,- ասել է նա։
ԿԸՀ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ պատճառով՝ ԿԸՀ-ն պատրաստվում է առաջադրումների ավարտից հետո բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել ԿԸՀ և մանրամասն խոսել այդ փոփոխությունների մասին։
«ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գործում է «Ազգային ժողովի ընտրություններ» պատուհանը, որտեղ կարելի է մտնել ու գտնել ամբողջ փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է կուսակցություններին և մնացած շահառուներին։ Նույն տեղում զետեղված են նաև լրագրողների, դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկություններ»,- տեղեկացրեց Սմբատյանը։
![]()