![]()
Խոսելով երաշխավորների մասին՝ ինձ համար և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը։ Իսկ թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք, և նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ եկեք չմոռանանք, որ մենք ունեցել ենք անվտանգության երաշխավոր, ընդ որում՝ անվտանգության երաշխավորի պարտավորությունները դե յուրե շատ հստակ և շատ մանրակրկիտ ձևակերպված են եղել:
«Ես այդ փաստաթղթերը տասնյակ անգամներով եմ կարդացել, բայց այդ մեխանիզմը չի աշխատել: Եվ նման մեխանիզմները չեն աշխատում, և պատմությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի պատմությունը, դա է ցույց տվել: Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով՝երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեզ վրա, դա համարել ենք մեր խնդիրը և մեր լուծելու խնդիրը:
Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային՝ պայմանական ասած, մենք մտածել ենք՝ ահա՛, կա երաշխավոր, և նա պետք է լուծի հարցերը, կամ մենք պետք է հարցերը լուծենք նրա միջոցով, բայց ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, դա բերել է սրման, դա բերել է պատերազմի, դա բերել է կորուստների:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով, բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով: Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան: Ընդ որում՝ բոլոր այդ դեպքերում մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք գոյատևում ենք ոչ թե մեր հայրենիքում, ոչ թե մեր պետությունում, այլ օտար պետություններում: Ահա սա է պատճառը նաև, որ խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները:
Եվ ես որևէ կասկած չունեմ, պարզապես որևէ կասկած չունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը: ՀՀ-ն տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա իր ստեղծած խաղաղությունն է, իր զրկանքների, իր տառապանքների, իր կորուստների, իր մտածումների, իր վերանայումների գնով ձեռք բերված խաղաղությունն է:
Սա քո խաղաղությունն է, ՀՀ հարգարժա՛ն, սիրելի՛, հարգելի՛ քաղաքացի, և դու պետք է տեր կանգնես քո խաղաղությանը, քո պետությանը, քո անկախությանը, քո ինքնիշխանությանը»,- ասաց վարչապետը:
![]()