![]()
Մարտի 20-ին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ գերատեսչությունը հարցին մոտենում է առավելագույն պատասխանատվությամբ և հոգատարությամբ: Ըստ նախարարի՝ ՆԳՆ-ն որդեգրել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ հանրային տիրույթում հնչած ցանկացած մտահոգություն կամ գրառում ենթարկվում է մոնիթորինգի։ Ոստիկանության ծառայողներն անձամբ այցելել են բնակավայրեր՝ պարզելու, թե արդյոք հանրայնացված մտահոգությունների հիմքում կան կոնկրետ փաստեր կամ դեպքեր, որոնք հնարավոր կլինի իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով քննության առնել և հասկանալ, թե որ դպրոցներում կան նման խնդիրներ։
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ մինչ օրս այդպիսի գրառումների հեղինակների կողմից ներկայացվել է զրո հաղորդում և զրո օպերատիվ տվյալ։
«Եթե առկա է գրառում, սակայն դրա վերաբերյալ որևէ հաղորդում չի ներկայացվել ոստիկանությանը, ապա ի՞նչ ապօրինի շրջանառության մասին է խոսքը։ Ինչո՞ւ ենք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ չկա հավաստի տվյալ։ Մենք այնքան «հոգատար» ենք անչափահասների նկատմամբ, որ ուզում ենք նրանց վերագրել մի բան, որն իրականությանը չի՞ համապատասխանում»,- նշել է նախարարը։
Նախարարը հավելել է, որ կան բացառիկ դեպքեր, երբ անչափահասների շրջանում կամ նրանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ և հենց այդ նպատակով էլ խստացվել է նախարարության վարած քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարն արդեն 9 միջնորդագիր է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ այն հիմքով, որ կրթական հաստատությունները տեղյակ են եղել որոշ միջադեպերի մասին, սակայն պատշաճ ժամկետում տեղեկատվություն չեն տրամադրել ոստիկանությանը։
Նախարարը համոզմունք է հայտնել, որ ԿԳՄՍ նախարարը ևս կիսում է այս մոտեցումը, և պետության ու ապագա սերունդների հեղինակությունը պաշտպանելու նպատակով հետևողական արձագանք է տրվելու նմանատիպ դեպքերին։
«Այս ֆոնին ընդհանուր ձևակերպումներով ասել, թե «անչափահասների շրջանում թմրամիջոցները վխտում են»… ո՞ւմ օգտին ենք նման պնդումներ անում։ Եթե չկա նման իրողություն, ինչո՞ւ ենք ստանձնում անչափահասներին պիտակավորելու գործընթացը։ Որպես Ներքին գործերի նախարար՝ ես թույլ չեմ տա դա՝ առաջնորդվելով բացառապես փաստերով, այլ ոչ թե էմոցիոնալ ձևակերպումներով։ Այո՛, կան խնդիրներ, կա անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների որոշակի աճ, բայց իմ խնդիրն է՝ նախ թույլ չտալ իրականությանը չհամապատասխանող պատկերի ձևավորումը և երկրորդ՝ հասնել խնդրի խորքին՝ հասկանալու համար լուծման ուղիները։ Եթե իսկապես ուզում ենք հոգատար լինել մեր երեխաների նկատմամբ, պետք է զտենք իրական պատկերը և հետևողական լինենք կոնկրետ փաստերի հարցում»,- եզրափակել է Արփինե Սարգսյանը։
![]()