![]()
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայանալիք բանակցություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք կլինեն երկկողմ շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի մոտ ապագայում վերսկսել բանակցությունների եռակողմ ձևաչափը, իսկ բանակցությունների դադարը համարում է «ժամանակավոր»:
Պեսկովը նաև հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի հասնելու համար Կիևը պետք է անվերապահորեն դադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպես նաև՝ «մյուս երկրներին ուղղված էներգետիկ շանտաժը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահին կոչ էր արվել վերադառնալ եռակողմ բանակցություններին, որոնք անորոշ ժամանակով հետաձգվել էին Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։
Բանակցությունների նախորդ փուլը կայացել է Ժնևում՝ փետրվարի 17-18-ը։ Այդ հանդիպումից հետո մարտի 5-6-ը տեղի է ունեցել գերիների փոխանակում՝ «500-ը 500-ի դիմաց» բանաձևով։
![]()