![]()
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծել է 2026 թվականի ԱՄՆ-ի հետախուզական համայնքի «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը:
Դրանում մասնավորապես ընդգծվում է, որ ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն ստեղծեց, որ երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն, ինչը նպաստեց տարածաշրջանային կայունության աճին։
Միաժամանակ նշվում է, որ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» ստեղծման ծրագրերը՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։
Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը նկատում է՝ շատ կարևոր է ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական գործընթացում:
Անդրադառնալով քննադատություններին, թե զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնել է վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցության ներքո, փորձագետն ասում է՝ սա մասնագիտական զեկույց է, նման զեկույցներում կա հստակ տերմինաբանություն:
Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ, մասնավորապես Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ասվում է զեկույցում: Սամվել Մելիքսեթյանը կարծիք է հայտնում, որ եթե անգամ սահմանադրական բարեփոխումները հաջողությամբ չպսակվեն, դա հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում այդքան ռիսկային սցենարներ չի ենթադրում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:
![]()