![]()
Անդրադառնալով տեղեկություններին, թե իրեն ուղեկցում են տասնյակ ծառայողական ավտոմեքենաներ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նման պնդումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա։
«Զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող գործընթացի մասին կարող է որևէ հարց առաջանալ, որովհետև ես՝ որպես ՆԳ նախարար, ունեմ տրամադրված պետական պահպանություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարի պահպանությունը օրենքով սահմանված գործընթաց է։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի պետական պահպանությունը ենթադրում է անվտանգության ապահովման ստանդարտ ընթացակարգեր։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ իրավասու չէ միջամտելու գործընթացին, քանի որ պահպանության մեթոդներն ու եղանակներն ընտրում է Պետական պահպանության ծառայությունը։
Արփինե Սարգսյանը նաև նշել է, որ պահպանության մեթոդաբանության մեջ որևէ փոփոխություն չի եղել․ նույն մոտեցումն է կիրառվել թե՛ նախորդ նախարարի ժամանակ, թե՛ ներկայումս, և այն կպահպանվի նաև հետագայում։
Նախարարը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ ամեն տարի կրկին բարձրացվում և քննարկվում է նույն թեման՝ շեշտելով, որ օրենքով նախատեսված պահպանության դեպքում նման շահարկումները հիմնավորված չեն։ Նրա խոսքով՝ ուղեկցող ավտոմեքենաների վերաբերյալ շրջանառվող թվերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
![]()