![]()
«Վերջին տարիներին ՀՀ-ում ամեն ինչի գինը սկսեց բարձրանալ, դա նշանակում է՝ մենք ավելի վճարունակ պետություն դարձանք»,-ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանը նշեց, որ ոչ մի անգամ չի լսել, որ պետական մարմիններից մեկն ասի՝ Հայաստանի իրացվելիության գումարն իքս էր, հիմա դարձել է իքս գումարած 100 տոկոս կամ 200 տոկոս. «Ցանկացած ֆիզիկական անձի, քաղաքացու բնակարանի գինը բարձրացել է, դա նշանակում է, որ ՀՀ-ն առավել մեծ վճարունակության բազա է ձեռք բերում: Դա ոչ մի անգամ չեք հաշվում, չեք կապում մեր մնացած գործողությունների հետ»:
Խոսելով արտաքին պարտքի մասին՝ Խաչատուր Սուքիասյանը նշեց. «Իհարկե, արտաքին պարտքը վերցնելուց հետո դուք բավականին աջակցել եք ՀՀ-ում գործունեությունը, ենթակառուցվածքների կառուցմանը, դրա խորությունն ինչքան է, այսօր եթե 100 միլիոն դրամի ինչ-որ մի տեղ ներդրում է կատարվել, դրա խորությունը, որ պետք է այդ հաստոցները գան դառնան ապրանք, մրցունակ ապրանք, շուկայում հայտնվեն, սկսեն գեներացվել, նման հաշվարկներ էլ է մեզ պետք: Բոլորն ասում են՝ պարտք, պարտք, պարտք, պարտքը չվերցրած՝ ոնց ես զարգացնելու երկիրը: Վերցնենք մեր ինժեներական պրոդուկտը, որն ինտերնետով գնվում է Հայաստանից, հիմա մենք ինչ ձև ենք գնահատելու դա, այդ գումարը, որ 10 միլիարդ դոլարի ապրանք է տարեկան արտադրվում ՀՀ-ում, այդ ապրանքը որտեղ է գրված: Ամեն ամիս մենք ապրանք ենք արտահանում Հայաստանից ինտերնետով, գնում են իրենց գլխամասային կազմակերպությունում, դառնում են արժեք, մտնում են ինքնարժեքի մեջ, բա մենք ինչի մեջ ենք մտցնում, որտեղ կարող ենք դա հաշվել, գոնե իմ երկրի իմիջը բարձրացնեմ, ասեմ՝ ՀՀ-ում այսքան ինժեներական ապրանք է արտադրվում»:
Դիմելով Ֆինանսների փոխնախարարին՝ պատգամավորն ասաց. «Որոշումների ընդունումը շատ երկար է տևում ձեզ մոտ, այն ինստիտուտները, որոնք ձեզ պետք է որոշակի վիճակագրություն տան, չեն կարողանում տալ: Դուք ծախսային մաս ունեք, որի մի մասը պարտադիր ծախսերն են՝ աշխատավարձն է, մյուսը՝ արդեն դուք պետք է ընտրություն կատարեք, այդ գումարն ուր գնա, որ ավելի արագ գեներացվի: Ինձ պետք է ասեք պարտք-ՀՆԱ, մենք այդ ՀՆԱ-ն այս պարտքով էլ ինչքան կարող ենք բարձրացնել, վերցնենք՝ էլ պարտք չենք վերցնում, մեր մաքսիմումն ինչքան է: Օրինակ՝ հաշվարկ կա մի ջրամբարի ի հայտ գալու դեպքում մենք 3 տարի հետո ինչ ենք ունենում, եթե այդ ծառերը սկսեն տնկված լինել, այդ ջուրն էլ իրենց մատակարարված լինի: Եթե ջրամբարներ ունենանք, կարող ենք 10 միլիարդի չափ պրոդուկտ գեներացնել: Վերջին որոշումը, որ կայացրել եք, պետք է հաշվարկ լինի՝ ինչ աստիճանի մոտ ոսկերչական իրերը կդառնան մրցունակ, ինչքան կարող են գին իջեցնել, էլ որտեղ կարող են վաճառել, էլ իրենց եկամուտներն ինչքան կավելանան»:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն արձագանքելով՝ նշեց. «Օրենքի ընդունումից հետո ոսկյա զարդի ԱԱՀ-ով հարկման բազան կլինի ոչ թե ամբողջ գնի հաշվով, այլ ոսկու արժեքը և ադամանդի արժեքը նվազեցված: Փաստացի մենք ԱԱՀ-ով կհարկենք միայն նոր ստեղծված արժեքը: Մեր փորձագիտական գնահատականներով այլ հավասար պայմաններում շուրջ 15 տոկոսով գին կարող ենք իջեցնել»:
![]()