![]()
Հայաստանի ընդդիմադիր դաշտում արդեն վաղուց ձևավորվել է զվարճալի, բայց օրինաչափ դարձած «սցենար», որը կրկնվում է գրեթե յուրաքանչյուր ընտրական փուլից առաջ։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճամբարները կրկին սկսել են միմյանց դեմ ֆեյսբուքյան «մենամարտերը»՝ փոխադարձ վիրավորանքներով, մեղադրանքներով և քաղաքական հարձակումներով։
Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես իրական քաղաքական պայքար՝ գաղափարական տարաձայնությունների հիմքով։ Սակայն տարիների ընթացքում այս «կռիվների» կրկնվող բնույթը ավելի շատ արդեն կատակերգական ներկայացում է հիշեցնում, նույն սցենարով, նույն դերասաններով։
Եթե սա իսկապես արժեքային կամ ռազմավարական խորքային հակասություն լիներ, ապա այն պետք է դրսևորվեր շարունակաբար՝ ոչ միայն ընտրություններից առաջ, այլ նաև դրանցից հետո։ Փոխարենը մենք տեսնում ենք, որ լարվածությունը հաճախ կտրուկ նվազում է հենց այն պահին, երբ ընտրական գործընթացները ավարտվում են։ Օրինակ՝ մենք անցած տարի տեսանք, թե ինչպես երկու նախկին նախագահների ճամբարները Գյումրու ընտրություններից հետո միավորվեցին և քաղաքապետ կարգեցին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն դեմքերից մեկին՝ Վարդան Ղուկասյանին։
Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ այնքան իրական հակամարտության, որքան քաղաքական տեխնոլոգիայի հետ։ Ընտրողին առաջարկվում է արհեստական ընտրություն՝ «երկու բևեռների» միջև, որոնք իրականում տարիներ շարունակ եղել են նույն համակարգի տարբեր դրսևորումներ։ Նրանց կառավարման ժամանակաշրջանները ոչ միայն հաջորդել են միմյանց, այլ նաև ձևավորել են նույն քաղաքական մշակույթը՝ կենտրոնացված իշխանություն, սահմանափակ մրցակցություն և հանրային վստահության աստիճանական կորուստ։
Այսպես կոչված «փոխադարձ հարվածները» հաճախ ունենում են հաշվարկված բնույթ։ Դրանք ուղղված են մի քանի նպատակների՝ ստեղծել մրցակցության իմիտացիա, մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը, և ամենակարևորը՝ պահպանել ազդեցությունը քաղաքական դաշտում՝ անկախ ընտրությունների արդյունքից։
Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ այս հակամարտությունները բեմադրված են, թե ոչ։ Խնդիրն այն է, որ քաղաքական երկվորյակները իրենց ենթակաների «մենամարտերի» միջոցով փորձում են պահպանել հին համակարգի կենսունակությունը։
![]()