Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով անցնող անձինք դատապարտվել են

ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով անցնող, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ու մյուս մեղադրյալ Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երևանի քրեական դատարանից:

Դատավճիռը հրապարակվել է մարտի 18-ին։

Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ:

Իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցանք կատարած անձինք ձերբակալվել, ապա կալանավորվել էին, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել էր հափշտակված 590 հազար ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578 հազար 800 ԱՄՆ դոլարը։ Գումարի մյուս մասը որոշ ժամանակ անց ևս կասկածյալները վերականգնել են:

ՔԿ-ն հայտնել էր, որ բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը, հայտնաբերվել է հափշտակված 590 հազար ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578 հազար ԱՄՆ դոլարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ