![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով կոշտ արձագանքել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին՝ կապված բանակի և զինվորների պաշտպանվածության հետ։
Պատգամավորը տարակուսանք է հայտնել, որ պաշտպանական ոլորտի բարեփոխումներից խոսում են մարդիկ, ում ընտանիքը տարիներ շարունակ եղել է նախկին իշխանության առանցքային մասը։
Վահագն Ալեքսանյանն ուղղակի հարցադրումներ է հնչեցրել Նարեկ Կարապետյանին՝ հիշեցնելով նրա հոր՝ Կարեն Կարապետյանի քաղաքական անցյալը որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։
«Նարեկ ջան, քո հայրը տասնամյակից ավել եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խմբակցության ղեկավար։ Հեչ եղե՞լ է մի օր նստես, ասես՝ պապ ջան, լավ ես արել՝ ինձ ու երեք եղբորս բանակից ազատել եք ինչ-որ տեղեկանքներով, բա ինչո՞ւ էին մեր զինվորների պաշտպանվածության հիմնական միջոցները կոնսերվի բանկաները»,- հայտարարել է պատգամավորը։
Ալեքսանյանն ընդգծել է, որ նախկին իշխանության տարիներին բանակը զինված է եղել հնացած սպառազինությամբ, մինչդեռ այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։
Պատգամավորի պնդմամբ՝ զինվորները զինված են եղել 1930-ականների արտադրության զինատեսակներով, իսկ սահմանին անվտանգությունն ապահովվում էր պարզունակ միջոցներով։
Ներկայումս իրականացվում են հսկայական ամրաշինական աշխատանքներ, կառուցվում են բունկերներ և ձեռք է բերվում նորագույն ռազմական տեխնիկա։ Պատգամավորի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ տեսել են բանակի իրական վերազինումը, ընդդիմադիր գործիչների «ախորժակը բացվել է» և սկսել են խոսել պաշտպանական ծրագրերից։
![]()